15.10.2019

Կառավարության աջակցությամբ` արտահանման խթանում

“Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ” նախատեսված  “Արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում” 2019 թվականի  ծրագրով Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիայի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև 2019 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան արդեն իսկ իրականացրել է մեկ ընկերության ֆինանսավորում՝ տարեկան 9,75% տոկոսադրույքով, ինչպես նաև  հաստատվել են և տրամադրման փուլում են գտնվում երկու վարկային հայտեր, որոնցից մեկը՝ տարեկան 9,75%, մյուսը՝ սահմանամերձ համայնքում գործունեություն ծավալող տնտեսվարողի կողմից ներկայացված վարկային հայտը՝ տարեկան 9,25% տոկոսադրույքով:

Վերոնշյալ վարկերը սուբսիդավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջին երկու տարիների ընթացքում 5 տոկոսային կետին համարժեք գումարի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողների դեպքում` 9 տոկոսային կետին համարժեք գումարի չափով:

Պետական աջակցության այս ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի մասնակցությամբ, նպատակ ունի խթանելու արտահանման  ծավալների ավելացումը:

Ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք նախորդող 12 ամիսների  ընթացքում թողարկած արտադրանքի առնվազն 20%-ն արտահանել են: