31.10.2019

DICA-ի գործընկեր գյուղտեխնիկա ներկրող կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով՝ «Մոտոբլոկ» ՍՊԸ

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), միտված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից» օգտվողներին ընտրության ավելի լայն հնարավորություններ տրամադրելուն, ընդլայնում է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և տեխնիկական սպասարկման գործում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները. DICA-ի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով՝ «Մոտոբլոկ» ՍՊԸ:

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի եւ «Մոտոբլոկ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված ՓՄՁ սուբյեկտներին և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու տրակտորներ, գութաններ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

«Մոտոբլոկ» ՍՊԸ-ն ռուսաստանյան շուկայի մոտոբլոկների առաջատար արտադրող «Կրասնիյ օկտյաբր – նեվա» ՓԲԸ-ի և ուկրաինական շուկայում մոտոբլոկների վաճառքի առաջատար «Գարդենշոպ» ընկերության պաշտոնական դիլերն է Հայաստանի Հանրապետությունում:

«Մոտոբլոկ» ՍՊԸ-ն մոտոբլոկներից բացի հաճախորդներին առաջարկում է նաև տրակտորների, կցագործիքների լայն տեսականի` կցասայլակ, ակոսահան, գութան, կարտոֆիլահանիչ, երկաթյա անիվներ, ջրի և թունաքիմիկատների սրսկման պոմպեր, մատնաշարային և ռոտորային խոտհնձիչներ, ձյուն մաքրող ռոտորներ և այլ սարքավորումներ, վաճառում է զանազան պահեստամասեր,և կատարում տեխնիկական սպասարկման ծառայություններ:

Վաճառքում ունենալով բենզինային և դիզելային շարժիչներով 8-ից մինչև 12 ձիաուժ հզորությամբ 12 տեսակի մոտոբլոկներ, «Մոտոբլոկ» ՍՊԸ-ն շարունակում է նորացնել իր տեխնիկական բազան:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով» Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % տոկոսադրույքով: DICA-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկին, լիզինգի առարկաներին և ձեռքբերման արժեքներին ծանոթանալու համար այցելեք DICA-ի պաշտոնական կայքէջ՝ http://dica.am/services/…/leasing-of-agricultural-machinery/ :

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա: