30.11.2017

Եռակողմ հուշագիր գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում արդեն ունենք շուրջ 6500 հայտեր, 3100 հոգի անցել են հավաստագրման դասընթացներ և կարող են իրենց ծրագրերով դիմել ֆինանսական կառույցներ ու վարկունակության դեպքում օգտվել վարկերից», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Միաժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվորեն շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը և արդեն շուրջ 300 գյուղացիական տնտեսություններ վարկավորվել են տարբեր ֆինանսական կառույցների կողմից: Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ հաջողության դեպքում ծրագրի իրականացման ծավալները հաջորդ տարիներին կավելանան: «Ծրագիրը հնարավորություն կտա արտոնյալ, մատչելի պայմաններով ֆինանսավորում ստանալ ծրագրերի իրականացման համար: Համոզված եմ, որ պահանջարկը մեծ է լինելու», – իր հերթին նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:

Վահե Հարությունյանի խոսքով` ծրագրի պայմաններն ավելի մեծ հնարավորություն են տալիս ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան ավելացնել իրենց ներդրումներն ու ունենալ ավելի մեծ եկամուտներ: «Գործընթացը ուղեկցվում է նաև կրթական, վերապատրաստման դասընթացներով, որոնք իրականացվում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից: Իրականացվում են դասընթացներ, որոնք բարձրացնում են ֆերմերների իրազեկվածության մակարդակը ծրագրի վերաբերյալ, և արդեն հնարավորություն են տալիս ավելի գիտակցորեն մոտենալ ծրագրին, որպեսզի վարկեր վերցնելուց կարողանան կանխատեսել ռիսկերը», – նշել է Վահե Հարությունյանը: Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: