16.11.2017

Փոխգործակցության հուշագիր՝ ”ՓՄՁ ներդրումներ”-ի և ”Վնեշէկոնոմբանկ” Ռուսաստանի զարգացման բանկի միջև

”Վնեշէկոնոմբանկ” Ռուսաստանի զարգացման բանկը և ”ՓՄՁ ներդրումներ” ՈՎԿ ՓԲԸ-ն սահմանել են երկկողմ համագործակցության ոլորտները` արդյունաբերություն, տրանսպորտ, նորարարություններ, ՏՏ և հեռահաղորդակցություն: Համապատասխան հուշագիրը  ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին, Մոսկվայում: Փաստաթուղթը ստորագրել են ”Վնեշէկոնոմբանկի” նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ Նիկոլայ Ցեխոմսկին և ”ՓՄՁ ներդրումներ”-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

ՎԷԲ-ը և ”ՓՄՁ ներդրումներ”-ը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտներում ներդրումների ընդլայնման աջակցության  և ֆինանսավորման  վերաբերյալ: Կողմերը կքննարկեն և կուսումնասիրեն ”ՓՄՁ ներդրումներ”-ի համար ”Վնեշէկոնոմբանկի” կողմից վարկային գծի բացման հնարավորությունը՝ ինչպես ռուսական արտադրության ապրանքների արտահանման ծրագրերի, այնպես էլ Հայաստանի տարածքում ռուսական կապիտալի մասնակցությամբ դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղվածություն ունեցող համատեղ արտադրությունների  ֆինանսավորման համար: Նաև ՎԷԲ-ը, որպես ազգային զարգացման ֆինանսական կառույց, կկիսվի փորձով և խորհրդատվության ձևով օժանդակություն կցուցաբերի ”ՓՄՁ ներդրումներ”-ին:

”Ռուսաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ ունեն, և ստորագրված հուշագիրը երկու երկրների զարգացման ինստիտուտների համար համագործակցության նոր հնարավորություններ կբացի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ներդրումների ավելացմանը և արտադրական կոոպերացիային՝ տնտեսության ռազմավարական  ճյուղերում: Սա կարևոր քայլ է ինչպես մեր երկկողմ համագործակցության համար, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների  շրջանակներում”,- նշել է Նիկոլայ Ցեխոմսկին:

”Մեզ հետաքրքիր է ”Վնեշէկոնոմբանկի” փորձը, ռազմավարությունը, բիզնես մոդելը` որպես զարգացման ազգային ֆինանսական կառույց: ”ՓՄՁ ներդրումներ” ՈւՎԿ ՓԲԸ-ն շուտով անդամակցելու է ԵԱՏՄ զարգացման բանկերի խորհրդին, եւ մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես ՎԷԲ-ի, այնպես էլ Խորհրդի մյուս անդամների հետ համատեղ ծրագրերի ընտրության, ուսումնասիրության և իրականացման հարցերում”, – ասել է Արթուր Բադալյանը: