12.10.2021

Հայաստանյան ՓՄՁ-ները BSTDB-ի միջոցներով կամրապնդեն դիմադրողականությունը

Ֆինանսավորումը կօգնի համավարակից տուժած փոքր բիզնեսին

 

2021թ. հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային  (DICA) կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ տեղական փոքր և միջին ձեռնարկատիրությանը ֆինանսավորելու համար: Վարկը DICA-ին հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին առաջարկել կապիտալ ծախսերի և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում՝ ապահովելով բիզնեսի շարունակականություն հատկապես համավարակի պայմաններում և մեղմել վերջինիս բացասական հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (BSTDB) ստացած վարկը առաջին ուղղակի ֆինանսավորումն է, որը Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ստանում է միջազգային ֆինանսական հաստատությունից:

«Ուրախ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այս անգամ համագործակցելով DICA-ի՝ հայկական պետական ​​կառույցի հետ: Փոքր ձեռնարկություններին ավելի մրցունակ լինելու և զարգանալու համար անհրաժեշտ գործիքակազմի տրամադրումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար: Ֆինանսավորման հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի ՓՄՁ-ների համար` համավարակի պայմաններում իրենց բիզնեսը և աշխատատեղերը պահպանելու համար», – ասել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) նախագահ Դմիտրի Պանկինը:

«Բարձր եմ գնահատում DICA-ի առաջին համագործակցությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) հետ, հուսով եմ՝ այն կրելու է շարունակական բնույթ: BSTDB-ից ստացած միջոցները DICA-ը կուղղի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը` համավարակի պայմաններում ապահովելով բիզնեսի աճ և շարունակականություն, մեղմելով դրա բացասական հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային միջոցներով հայաստանյան ՓՄՁ ոլորտի ֆինանսավորումը մշտապես DICA-ի ուշադրության կենտրոնում է», – ասել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

Ներկայում ՓՄՁ ոլորտի` Հայաստանում տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) աջակցության ընդհանուր գումարը գերազանցում է 100 մլն եվրոն:

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) հիմնադրվել է 2009 թվականին, ունիվերսալ վարկային կազմակերպություն է, 100% բաժնետոմսերը պատկանում է ՀՀ կառավարությանը, ծառայում է որպես հայկական ՓՄՁ-ների և որոշ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման միջոց, նպաստում է ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների եւ ՀՀ մարզերի համաչափ զարգացմանը: Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ Կորպորացիան ՀՀ ֆինանսական շուկայում ստանձնել է առանձնահատուկ միջնորդի դեր և իրականացնում է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում: DICA-ը հանդիսանում է ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցներից մեկը և վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: DICA-ի մասին տեղեկությունների համար այցելեք www.dica.am :

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար` անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ «A-», «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ «A2», իսկ ռուսական ACRA վարկանիշային գործակալության կողմից «A+» վարկանիշը: BSTDB-ի մասին տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org :