ՀԶՆԿ-Ն ՍԱԶԲ-ԻՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՓՄՁ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
7 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կուղղվի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) տարեկան համաժողովի շրջանակներում կայացած «Հայաստան. տարածաշրջանային հաջողության արագացում» բիզնես ֆորումի ընթացքում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) և BSTDB-ն ստորագրել են նոր վարկային պայմանագիր։
Պայմանագրի համաձայն՝ BSTDB-ն DICA-ին կտրամադրի 7 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ֆինանսավորելու համար։ Սա BSTDB-ի կողմից DICA-ին տրամադրվող երկրորդ ֆինանսավորումն է, որը հնարավորություն կտա ՓՄՁ-ներին բավարարել իրենց կապիտալ ծախսերի և շրջանառու միջոցների կարիքները՝ խթանելով արտադրողականությունը, բարելավելով մրցունակությունը և ընդլայնելով հայկական ձեռնարկությունների արտահանման ներուժը։ DICA-ի հետ համագործակցության ամուր փորձի վրա հիմնվելով՝ նոր վարկը թույլ կտա BSTDB-ին խորացնել իր ներգործությունը Հայաստանի ֆինանսական ոլորտում և ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ձեռնարկատերերի ավելի լայն շրջանակի համար։
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների դինամիկ հատվածի աջակցությունը BSTDB-ի համար առաջնահերթություն է։ DICA-ի՝ հայկական պետական կազմակերպության հետ մեր գործընկերության միջոցով մենք օգնում ենք բիզնեսներին հասանելիություն ստանալ այն կապիտալին, որն անհրաժեշտ է ներդրումներ կատարելու, ընդլայնվելու և երկրի բարգավաճմանը նպաստելու համար։ Այս պայմանագրի ստորագրումը Երևանում կայացած բիզնես ֆորումի ընթացքում ընդգծում է համագործակցության դերը մասնավոր հատվածի զարգացման և Սևծովյան տարածաշրջանում տնտեսական կապերի խորացման գործում», – նշել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) նախագահ, դոկտոր Սերհատ Քյոքսալը։
«Մենք բարձր ենք գնահատում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ մեր արդյունավետ գործընկերության շարունակականությունը։ Այս վարկային համաձայնագիրը ևս մեր հաջող համագործակցության վկայությունն է և թույլ է տալիս մեզ ընդլայնել մեր ներդրումները Հայաստանի ՓՄՁ ոլորտում։ DICA-ը, որպես ՀՀ ֆինանսական համակարգի մասնակից կառույց, հավատարիմ է իր առաքելությանը՝ ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնել տնտեսության իրական հատվածին: BSTDB-ից ներգրավված 7 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի հայկական բիզնեսի մրցունակության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու տարածաշրջանային ինտեգրացմանը՝ նպաստելով մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը», – ասել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) հիմնադրվել է 2009 թվականին որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն, որը գործիք է հայկական ՓՄՁ-ների և որոշակի ներդրումային նախագծերի ֆինանսավորման և Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար: DICA-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ Ներդրումների աջակցման կենտրոնի (50.9%) և Ֆինանսների նախարարության (49.1%) միջոցով: Պետական-մասնավոր գործընկերության զարգացման և ամրապնդման նպատակով Կորպորացիան ստանձնել է ՀՀ ֆինանսական շուկայում հատուկ միջնորդի դեր՝ ֆինանսավորելով տնտեսության իրական հատվածը: DICA-ն ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցներից մեկն է և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.dica.am ։
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԾԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: ՍԾԱԶԲ-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանըտրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ «A-», իսկ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ «A2» վարկանիշը: ՍԾԱԶԲ-ի մասին տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org ։
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




