23.09.2021

Ստորագրվել է համաձայնագիր

Ստորագրվել է համաձայնագիր

Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Armenian Business Forum» գործարար համաժողովի շրջանակում ստորագրվել է հայ-ռուսական համագործակցության  փաստաթուղթ։

«Համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի միջև։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը և Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Համաձայնագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսված է  նպաստել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքներում տնտեսական ինտեգրման խորացմանը` մասնակցելով Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում իրականացվող երկկողմ և բազմակողմ նախագծերի ֆինանսավորմանը կամ կազմակերպելով դրանց ֆինանսավորումը։ Մասնավորապես՝ նախատեսվում է երկու երկրներում կողմերի համար  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ նախագծերի, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի, իրականացման ֆինանսավորման կազմակերպում։ Կկատարվեն նաև համատեղ վերլուծություններ և գնահատումներ, նաև կիրականացվի փորձագիտական ​​և վերլուծական գործունեություն` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների աճը ապահովող և բարելավող գործոնների բացահայտման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել երկու երկրների քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն ուղղված աջակցվող ծրագրերի որոնում և ընտրություն, այդ նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավում, աջակցվող ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ նրանց մասնակիցներին ներդրումային խորհրդատվության տրամադրում։