
MOODY՛S-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է Ba3 ՎԱՐԿԱՆԻՇ՝ ԿԱՅՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային (DICA) շնորհել է Ba3 վարկանիշ՝ կայուն հեռանկարով, որը համընկնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հետ:
Վարկանիշի տրամադրման համար Moody’s-ը հաշվի է առել մի քանի կարևոր գործոններ, մասնավորապես պետության մասնակցությունը DICA-ի կապիտալում, կապիտալի համարժեքության բարձր մակարդակը (2022 թ. տարեվերջին` 62%) և բարձր եկամտաբերություն գեներացնելու հնարավորությունը (2022թ. արդյունքներով զուտ շահույթ/ընդհանուր ակտիվներ հարաբերակցությունը կազմել է 3,4%):
Ըստ Moody’s-ի, պետական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը, զուգակցված բարձր իրացվելիությամբ, ևս կարևոր դեր են խաղում DICA-ի կողմից նոր ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև սեփական պարտավորությունները ժամանակին մարելու համար:
Կապիտալի բարձր մակարդակը հանդիսանում է վարկունակության հիմնական բաղադրիչը և ապահովում է ակտիվների աճ՝ չեզոքացնում վնասները:
DICA-ի կայուն հեռանկարը ենթադրում է, որ կապիտալի պահուստներն ընկերությանն օգնում են մեղմել ակտիվների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև տնտեսության զգայուն ճյուղերից՝ հնարավոր ճնշումները:
DICA-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայում բարձր են գնահատում Moody’s միջազգային վարկանիշային գործակալության հետ համագործակցությունը և վստահ են, որ վերջինիս կողմից շնորհված վարկանիշն էլ ավելի կամրապնդի DICA-ի դիրքերը ֆինանսական շուկայում և համագործակցությունը գործընկերների հետ:
Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան (DICA) հիմնադրվել է 07.08.2009 թվականին և իրականացնում է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում: DICA-ը հանդիսանում է ՀՀ ֆինանսական համակարգի մասնակից ու վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան (DICA) արդեն 14 տարեկան է: