Փոխգործակցության համաձայնագիր DICA-ի և “VEB ventures”-ի միջև
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի և “VEB ventures”-ի («Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի խմբի անդամ) միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր՝ ի կատարումն 2019 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասնիններորդ նիստի արձանագրությամբ կողմերին տրված հանձնարարության:
Համաձայնագրով նախատեսված է համագործակցության հաստատում և երկարատև փոխգործակցություն կողմերի միջև՝ միտված Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում իննովացիոն նախագծերի զարգացմանը, ներառյալ՝ նորարարական ընկերությունների հիմնում և զարգացում, դրանց նորարարական գործունեության ընդլայնում, ներդրումային գրավչության ապահովում: Վերոնշյալ իննովացիոն նախագծերում ներդրումներ կատարելու և արդյունավետ համագործակցության նախանշված ուղղություններից է նաև համատեղ ներդրումային ֆոնդ ստեղծելը:
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) ստեղծվել է ՀՀ կառավարության որոշումով և նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության, ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և ՀՀ մարզերի համաչափ զարգացմանը: Զարգացնելով և ամրապնդելով պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ DICA-ը ՀՀ ֆինանսական շուկայում ստանձնել է առանձնահատուկ միջնորդի դեր և իրականացնում է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում:
“VEB ventures”-ը «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի խմբի անդամ ընկերություն է, ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերին աջակցելու և վենչուրային ֆոնդերի կառավարման նպատակով: Ընկերության համար գերակա առաջնահերթություններից են ուղղակի ներդրումների միջոցով խոստումնալից ընկերությունների ֆինանսավորումը, ինչպես նաև կորպորացիաների և շուկայի այլ դերակատարների հետ համատեղ վենչուրային ֆոնդերի հիմնումն ու դրանց միջոցով ներդրումների իրականացումը: