26.11.2019

DICA-ի գործընկեր գյուղտեխնիկա ներկրող կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս երկուսով՝ «Արմեն Ավետ» և «Տրակտոր Գրուպ»

DICA-ի գործընկեր գյուղտեխնիկա ներկրող կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս երկուսով՝ «Արմեն Ավետ» և «Տրակտոր Գրուպ»

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), միտված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից» օգտվողներին ընտրության ավելի լայն հնարավորություններ տրամադրելուն, ընդլայնում է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և տեխնիկական սպասարկման գործում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները. DICA-ի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս երկուսով՝ «Արմեն Ավետ» ՍՊԸ և «Տրակտոր Գրուպ» ՍՊԸ:

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան «Արմեն Ավետ» ՍՊԸ-ի ու «Տրակտոր Գրուպ» ՍՊԸ-ի հետ ստորագրել է համագործակցության պայմանագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված ՓՄՁ սուբյեկտներին և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու տրակտորներ, գութաններ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

«Արմեն Ավետ» ՍՊԸ-ն չինական “The YTO Group Corporation” և “Weima Agricultural Machinery” ձեռնարկությունների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում, ընկերությունը ներմուծում և վաճառում է գյուղտեխնիկա՝ տրակտորներ, մոտոբլոկներ, զանազան կցագործիքներ, իրականացնում է երաշխիքային և հետ երաշխիքային սպասարկում:

«Տրակտոր Գրուպ» ՍՊԸ-ն որակյալ գյուղտեխնիկայի ներկրող և վաճառող է Հայաստանի Հանրապետությունում՝ առաջարկելով տրակտորների, կցագործիքների լայն տեսականի:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով» Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % տոկոսադրույքով: DICA-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկին, լիզինգի առարկաներին և ձեռքբերման արժեքներին ծանոթանալու համար այցելեք DICA-ի պաշտոնական կայքէջ՝ http://dica.am/services/…/leasing-of-agricultural-machinery/ :

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա: