23.08.2019

DICA-ի գործընկեր գյուղտեխնիկա ներկրող կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով՝ «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), միտված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից» օգտվողներին ընտրության ավելի լայն հնարավորություններ տրամադրելուն, ընդլայնում է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և տեխնիկական սպասարկման գործում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները. DICA-ի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով՝ «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ:

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն օգոստոսի  14-ին ստորագրել են համագործակցության պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված ՓՄՁ սուբյեկտներին և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու տրակտորներ, գութաններ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Աշխատանքային հարուստ փորձ ունեցող «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊ ընկերությունը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների արտադրանք է ներկրում Հայաստան, մասնավորապես տրակտորների և սարքավորումների ձեռքբերման պայմանագրեր  ունի «Մինսկի տրակտորային գործարան» ԲԲԸ-ի, «Սմորգոնի ագրեգատային գործարան» ԲԲԸ-ի, «Բոբրույսկի տրակտորային դետալների և ագրեգատների գործարան» ԲԲԸ-ի հետ:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով» Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % տոկոսադրույքով: DICA-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկին, լիզինգի առարկաներին և ձեռքբերման արժեքներին ծանոթանալու համար այցելեք DICA-ի պաշտոնական կայքէջ՝ http://dica.am/services/…/leasing-of-agricultural-machinery/ :

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա: