15.04.2019

DICA-ի գործընկեր գյուղտեխնիկա ներկրող կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), միտված “Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից” օգտվողներին ընտրության ավելի լայն հնարավորություններ տրամադրելուն, ընդլայնում է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և տեխնիկական սպասարկման գործում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները. DICA-ի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկը համալրվել է ևս մեկով՝ “ԱՍ գրուպ” ՍՊԸ:

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ “ԱՍ գրուպ” ՍՊԸ տնօրեն Սուրեն Ասատրյանն ապրիլի 9-ին ստորագրել են համագործակցության պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված ՓՄՁ սուբյեկտներին և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու կոմբայններ, տրակտորներ, գութաններ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Աշխատանքային բազմամյա փորձ ունեցող “ԱՍ գրուպ” ընկերությունը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների արտադրանք է ներկրում Հայաստան:

Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % տոկոսադրույքով: DICA-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկին, լիզինգի առարկաներին և ձեռքբերման արժեքներին  ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝  http://dica.am/services/leasing/leasing-of-agricultural-machinery/ :

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա: